ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-56-Ն)

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով՝

 հարկ վճարողի ակտիվների,

 հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

 հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

 գույքագրման և չափագրման տվյալների,

 օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկությունների,

 համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

 հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի կամ օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

Հոդված 221. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար կամ առևտրի հարկ) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:
Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով:
Նշված չափով օրական տույժը կիրառվում է, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ չի սահմանված:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տասնհինգ լրացված օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ տասնհինգ օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու համար վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:
Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 31-րդ հոդվածի սահմանափակումները:

Հոդված 25.1. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 10 տոկոսի չափով: Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 15 տոկոսի չափով:

Հոդված 26. Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հիսուն հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են լիցենզավորման ենթակա մեկից ավելի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան գումարի չափով:
Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն արգելված գործունեություն իրականացնողների համար արգելված գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:
Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
1) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:
Սույն հոդվածը չի կիրառվում`
1) 2013 թվականի հունվարի 1-ից հետո սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման.
3) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով:

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ տուգանք՝ այդ գումարի 40 տոկոսի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է: Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

Հոդված 28. Վաճառվող արտադրանքը, ապրանքները (այսուհետ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 10 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 15 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 10 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 15 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:
Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում՝ այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային մարմինը կարող է օգտվել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից:
Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Սույն հոդվածով սահմանված գրանցումները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2014 թվականի հունվարի 1-ից կարող են վարել Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:

Հոդված 282. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման հարկային մարմինների կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 283. Արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում` հարկ վճարողներից գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հոդված 284. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում hարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) տեղափոխման կամ առաքման և (կամ) առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հիսուն հազար ՀՀ դրամից:
Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար ՀՀ դրամից:
Սույն հոդվածի կիրառման իմաստով կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`
1) գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց Արցախի Հանրապետության կառավարության սահմանած վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի, կամ
2) առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված չէ:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում է երկկողմանի հաշվարկային փաստա-թղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`
1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ (այդ թվում` վաճառքի վայրում) հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.
2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում.
3) ապրանքը տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը:
Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
1) հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.
2) կապի կամ հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:

Հոդված 285. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առեւտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:

Հոդված 286. Անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 201-րդ հոդվածով սահմանված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի, ինչպես նաև սույն օրենքի 23-28-րդ, 283-286-րդ և 32-րդ հոդվածների համաձայն հաշվարկված տույժերի, տուգանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:
Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված տասնօրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված տասնօրյա ժամկետը հաշվի չի առնվում:

Հոդված 30.

 

1. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների (այսուհետ սույն հոդվածում` հարկային պարտավորություն) առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմինը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցել չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չկատարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ: Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Սույն մասին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա հարկային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև կատարման օրը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:

1.1. Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500000 կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:
3. Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետն արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:
4. Գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներում և (կամ) դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի` հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով:
5. Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:
6. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքը կիրառվում է հետևյալ հերթականությամբ.
1) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներ.
2) դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցներ.
3) արգելանքի ենթակա այլ գույք:
7. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում կամ դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:
8. Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
9. Գույքի վրա արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և հարկային պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:
10. Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
11. Արգելանք դնելու մասին որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև` այլ անձանց ու մարմիններ:
12. Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:
14. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի` իր իրավասության սահմաններում գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:
15. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքն արգելանքից հանվում է՝
1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում, հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
2) հարկ վճարողի հարկային պարտավորությունը դադարելու կամ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարվելու դեպքերում.
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.
4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:
16. Հարկային պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է:
17. Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
1) հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին.
2) հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց:
18. Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է հարկային պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ սույն հոդվածով սահմանված կարգով կնքված հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:
19. Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:
20. Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:
21. Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:
22. Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված հարկային պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները` արտարժույթով, ավանդային հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվները` արտարժույթով:
23. Հարկ վճարողի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներում հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:
24. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկում առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:
25. Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):
26. Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:
27. Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:
28. Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:
29. Հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկ վճարողին ներկայացնելու օրը որոշումն ընդունած հարկային մարմնի պաշտոնատար անձը գույքագրում է հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցները և դրանք, ինչպես նաև արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամական միջոցներն արձանագրությամբ ի պահ է հանձնում հարկ վճարողին: Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում որոշում կայացրած հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ գույքագրելու դրամարկղում դրամական միջոցների առկայությունը, ինչպես նաև մուտքագրված և ելքագրված դրամական միջոցների շարժը, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների կամ կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը սահմանում է հարկային մարմինը, որում նշվում են գույքագրման ամսաթիվը, ժամանակահատվածը, արգելանքի տակ գտնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, մուտքագրված դրամական միջոցների արժեքը և դրանց ստացման աղբյուրը, ելքագրված դրամական միջոցների արժեքը և ծախսման ուղղությունները, ի պահ հանձնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը, նշում՝ արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցների արգելանքի տակ գտնվելու և ի պահ ընդունելու վերաբերյալ, գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները: Նշված արձանագրությունները հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն են:
30. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում կանխիկ դրամական միջոցներից հարկ վճարողի ավանդային կամ ընթացիկ հաշիվներ կամ պետական բյուջե կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից իր ավանդային կամ ընթացիկ հաշիվներին կամ պետական բյուջե վճարումներ կատարելու:
31. Հարկ վճարողի բանկային հաշվին մուտքագրված դրամական միջոցների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով նախատեսված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ դրույթները:
32. Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:
33. Արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
34. Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:
35. Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելուց հետո, եթե հարկ վճարողը դիմում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերաբերյալ, ապա հարկային մարմինն իրավունք ունի մնացած հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքել հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև հինգ ամիս ժամկետով:
36. Հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապանին:
37. Հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի հարկային պարտավորությունների մարմանը: Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով հարկային պարտավորության (ներառյալ ապառքը և դրա նկատմամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
38. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
39. Հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ընդունում է երաշխիքներ, որոնք տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ երաշխիք տված անձ):
40. Երաշխիք տված անձը երաշխիքով հարկային մարմնի առջև պարտավորվում է կատարել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, եթե վերջինս սույն օրենքով սահմանված կարգով և երաշխիքով սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձին այդպիսի գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում: Երաշխիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով:
41. Երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով, որը չի կարող գերազանցել երաշխիք տված անձի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտին նախորդող վեցերորդ ամսվա 1-ը:
42. Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից:
43. Երաշխիքը հարկային մարմին է ներկայացվում երկու օրինակից, որում պետք է նշվեն՝
1) հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դրա մարման ժամկետը, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.
2) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձից հարկային պարտավորությունների կատարում պահանջելու անվիճելի իրավունքը.
3) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայության փաստը.
4) երաշխիքի գործողության ժամկետը.
5) երաշխիք տված անձի լիցենզիայի համարը և գործողության ժամկետը:
44. Երաշխիքի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
45. Հարկային մարմինը երաշխիքն ընդունելու կամ մերժելու նպատակով այն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
46. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝
1) երաշխիքը չի համապատասխանում օրենքով և սույն հոդվածի 41-43-րդ մասերով սահմանված չափանիշներին.
2) երաշխիքի գործողության ժամկետը պակաս է երաշխիքով սահմանված հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կատարման ժամկետից.
3) երաշխիքը տված անձի՝ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված է կամ ուժը կորցրած է ճանաչված.
4) երաշխիք տված անձն ունի չմարված հարկային պարտավորություններ:
47. Երաշխիքի ընդունման կամ մերժման վերաբերյալ հարկային մարմինը համապատասխան գրառում է կատարում տրված երաշխիքի համապատասխան դաշտում և դրա մեկ օրինակը սույն հոդվածի 45-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկում է երաշխիքը տված անձին: Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում հարկային մարմինը նշում է նաև մերժման համար հիմք համարվող պատճառները:
48. Հարկ վճարողի կողմից երաշխիքով սահմանված ժամկետում երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը երաշխիքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխիք տված անձին ներկայացնում է գրավոր պահանջ՝ երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:
49. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված՝ պարտապան հարկ վճարողի կողմից չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
50. Երաշխիք տված անձի կողմից սույն հոդվածի 49-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը գույքի բռնագանձման վերաբերյալ որոշում է կայացնում: Մինչև գումարի բռնագանձման վերաբերյալ որոշումը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելը հարկային մարմինը երաշխիք տված անձի նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը

   

Հոդված 32. Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը՝ մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:
Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:
Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում՝ շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:
Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք` շեղման կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:
Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:
Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն:

You are the 1378039-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ