ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


    Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հունիսի 23-ի N 112-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որն ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի լրիվ անվանումն է՝
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
2) ռուսերեն` Комитет государственных доходов Республики Арцах.
3) անգլերեն` State Revenue Committee of the Artsakh Republic:
5. Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից, կոմիտեի նախագահի խորհրդականից, կոմիտեի նախագահի մամուլի  քարտուղարից, կոմիտեի նախագահի օգնականից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Կոմիտեի աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել հայեցողական, հարկային, քաղաքացիական ծառայությունների պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
8. Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
9. Կոմիտեն իրավապահ մարմին է:
10. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Տիգրան Մեծի  16:

 

2. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11. Կոմիտեի նպատակներն են`
1) «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված խնդիրների լուծումը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Արցախի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովմանը նպաստումը.
2) կոմիտեին օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների իրականացումը:
12. Կոմիտեի խնդիրներն են՝
1) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
2) պետական հարկերի և վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը.
3) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.
4) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.
5) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված չկատարված պարտավորությունների ապահովումը և գանձումը.
6) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Արցախի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային, մաքսային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
7) Արցախի Հանրապետության հարկային եկամուտների հաշվառումը, վիճակագրության վարումը.
8) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացումը.
9) Արցախի Հանրապետության սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացումը.
10) իր իրավասության սահմաններում իրեն վերապահված ուղղության շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանն աջակցելը.
11) կոմիտեին օրենքով վերապահված այլ խնդիրների իրականացումը:

 

3. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

13. Կոմիտեի գործառույթներն են`
1) հարկ վճարողների կամ հարկային գործակալների՝ Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանն ուղղված հարկ վճարողների սպասարկումը և իրազեկումը.2) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը.
3) հարկային հաշվարկների և Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և այլ գործընթացների իրականացումը.
4) հարկ վճարողների հաշվառումը.
5) պետական հարկերի և վճարների հավաքագրման կազմակերպումը.
6) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
7) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված չկատարված պարտավորությունների գանձման, ինչպես նաև պարտավորությունների ապահովման նպատակով արգելադրման աշխատանքների իրականացումը.
8) Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
9) կոմիտեի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով ներկայացված բողոքների քննարկումը և որոշումների ընդունումը.
10) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.
11) հարկային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
12) հարկ վճարողի գործարքների մոնիթորինգի, գործունեության այլ ոլորտային վերլուծությունների և դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով հարկ վճարողներին իրազեկման իրականացումը.
13) Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության իրականացումը.
14) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.
15) հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը՝ օրենքով սահմանված կարգով.
16) Արցախի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացումը.
17) հարկային վարչարարության և ընթացակարգերի մեթոդական ապահովումը.
18) հարկային բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը՝ մշակումը, ներդնումը և սպասարկումը.
19) կոմիտեի աշխատողների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը, ատեստավորումը.
20) հարկային վարչարարության իրականացման բնագավառում միջազգային համագործակցության ապահովումը.
21) հարկային ոլորտում միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը (ըստ դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).
22) կոմիտեի իրավասության սահմաններում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի և վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացումը.
23) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Արցախի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ու քննարկումների կազմակերպումը, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստումը.
24) Արցախի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով, օրենքով սահմանված իրավասության սահմաններում, համապատասխան միջոցառումների իրականացումը.
25) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը.
26) Արցախի Հանրապետության սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նկատմամբ հսկողության ապահովումը.
27) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը.
28) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ոլորտներում պլանների ու ծրագրերի մշակումը, հիմնական միջոցառումների իրականացումը, համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառման, ինչպես նաև համակարգի կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը:

 

4. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ  

14. Կոմիտեի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահը:
15. Արցախի  Հանրապետության կառավարությունը՝
1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) սահմանում է կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակը.
3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.
4) հաստատում է կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվությունները և  տարեկան հաշվեկշիռը:
16. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը:
17. Կոմիտեի նախագահը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
18. Կոմիտեի նախագահը՝
1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառավարումը.
4) հանձնարարականներ և ցուցումներ է տալիս կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա կազմակերպությունների ղեկավարներին, կոմիտեի նախագահի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին.
5) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
6) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի՝ օրենքով նախատեսված համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
7) հաստատում է հաստիքացուցակը.
8) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
12) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
13) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
14) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
15) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները և ներքին կառուցվածքը.
16) տրամադրում է արձակուրդ կոմիտեի աշխատակազմի ղեկավարին` Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.
17) կատարում է պարտականությունների բաշխում իր խորհրդականի և օգնականի միջև.
18) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ.
19) իրականացնում է Արցախի Հանրապետության  օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
19. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կոմիտեի նախագահի հրամանով նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ կոմիտեում կոմիտեի նախագահի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
20. Կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) գործում է կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է աշխատակազմի ղեկավարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
21. Կոմիտեի նախագահի խորհրդականը՝
1) առանձին դեպքերում կատարում է կոմիտեի նախագահի հրամանով վերապահված կոմիտեի նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգում.
2) իր կողմից համապատասխան աշխատանքների իրականացման շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից ստանում է տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
22. Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը`
1) իրականացնում է կոմիտեի նախագահի հրամանով վերապահված գործառույթներ, այդ թվում` պետական մարմնի ղեկավարի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջև համագործակցության ապահովում, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպում և անցկացում, պետական մարմնի աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների լուսաբանում.
2) կոմիտեի նախագահի հրամանով վերապահված գործառույթների իրականացման  նպատակով համագործակցում է պետական մարմնի ղեկավարի օգնականների, խորհրդականների, տեղակալների, ինչպես նաև պետական մարմնի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ստանում է նրանցից առաջիկա ամսվա նրանց աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների ցանկը:
23. Կոմիտեի նախագահի օգնականը՝
1) առանձին դեպքերում կատարում է կոմիտեի նախագահի հրամանով վերապահված կոմիտեի նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքներ.
2) իր կողմից համապատասխան աշխատանքների իրականացման շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից ստանում է տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

 

5. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

24. Կոմիտեի  աշխատակազմի նպատակը և խնդիրը կոմիտեի` Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
25. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Կոմիտեի  աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի,  «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
26. Կոմիտեի աշխատակազմը, կոմիտեին վերապահված իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:
27.  Կոմիտեի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր  կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
28.Կոմիտեի  աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
29. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:
30. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
31. Կոմիտեի  աշխատակազմի անվանումն է՝
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ.
2) ռուսերեն` Аппарат Комитета государственных доходов Республики Арцах.
3) անգլերեն` Staff of the  State Revenue Committee of the Artsakh Republic:
32. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Տիգրան Մեծի  16:
33. Աշխատակազմի ղեկավարը ՝
1) առանց լիազորագրի  հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի՝ օրենքով նախատեսված համապատասխան աշխատողներին, այդ թվում՝ քաղաքացիական աշխատանք կատարողներին և տեխնիկական սպասարկում իրականացնողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) կոմիտեի նախագահին է ներկայացնում կոմիտեի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` համակարգում և ապահովում է կոմիտեի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը.
5) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) կոմիտեի նախագահին է ներկայացնում իրեն հաշվետու կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի նախագահի տեղակալների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա կազմակերպություններին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.
9) անհրաժեշտության դեպքում կնիքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի նախագահի և (կամ) կոմիտեի նախագահի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Աշխատակազմի ղեկավարը իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Աշխատակազմի ղեկավարի տեղակալն անմիջական հաշվետու է աշխատակազմի ղեկավարին:

 

6. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

34. Կոմիտեի  աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
35. Կոմիտեի աշխատակազմի գույքը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կոմիտեի աշխատակազմի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
36. Կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
37. Կոմիտեի աշխատակազմը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

38. Կոմիտեն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
39. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

8. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

40. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

You are the 1378024-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ