ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

         

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով` հարկ վճարողի ակտիվների, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի, գույքագրման և չափագրման տվյալների, օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկությունների,  համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների, հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի կամ օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

 

Հոդված 221. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար կամ առևտրի հարկ) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված  հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող oբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված  հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված  տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:

 

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից մինչև 90 օր (ներառյալ) ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով:

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում  է  տույժ`  ժամանակին  չմուծված հարկի գումարի 0.1 տոկոսի չափով:

Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ չի սահմանված:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

 

Հոդված 24. Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին  ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տասնհինգ լրացված oրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ տասնհինգ օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

          Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

 

          Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու համար վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10  տոկոսի չափով:

          Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 31-րդ հոդվածի սահմանափակումները:

 

Հոդված 25.1. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 10 տոկոսի չափով: Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 15 տոկոսի չափով:

 

Հոդված 26. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում  գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հիսուն հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Uույն հոդվածով նախատեuված ապoրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով uույն oրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

1) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:

Սույն հոդվածը չի կիրառվում`

1) 2013 թվականի հունվարի 1-ից հետո սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ.

          2) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման.

3) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով:

 

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` այդ գումարի 40 չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է: Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

         

Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 10 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 15 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 10 տոկոսի չափով, այդ թվում` չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

 տուգանք` տարբերության գումարի 15 տոկոսի չափով, այդ թվում` չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում` այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային մարմինը կարող է օգտվել ՙՀարկերի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից:

Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Սույն հոդվածով սահմանված գրանցումները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2014 թվականի հունվարի 1-ից կարող են վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:

 

 

Հոդված 282. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով (դրոշմապիտակներով)  դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման հարկային մարմինների կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 283. Արտարժույթի  առքուվաճառքի,  արտարժույթի  դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում` հարկ վճարողներից գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի դրամով արտահայտված ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմինների կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

 

Հոդված 284. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև այդպիսի ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով` հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում  ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`

1) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 միլիոն  դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ

2) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ

3) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես, հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հաշիվների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդպիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ

4) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրել հաշվարկային փաստաթղթերը` նշելով իրենց տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, կամ

5) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով այդ գործարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վերաբերյալ, և որը հիմնավորվել է տեղեկությունների ներկայացման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմինների կողմից  կատարված հսկիչ գնումների արդյունքում:

           Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններ ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաև այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաև սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության չկիրառման համար:

Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հարկ վճարողին:  

 

Հոդված 285. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:

 

Հոդված 286. Անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 201-րդ հոդվածով սահմանված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:

 

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28, 283-286-րդ և 32-րդ հոդվածների համաձայն` հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված տասնօրյա  ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված տասնօրյա ժամկետը հաշվի չի առնվում:

 

 

Հոդված 30. Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում` հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով:

Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները` արտարժույթով, ավանդային հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվները` արտարժույթով:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներում հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկում առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:

Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):

Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:

Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև` այլ անձանց ու մարմիններ:

Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերաբերյալ, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է՝

1) արգելանք դնելուց հետո` երկամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացվելու դեպքում.

2) հարկ վճարողի կողմից պարտավորությունն ամբողջությամբ կատարվելու դեպքում.

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.

4) դրանով ապահովված պարտավորության գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան ներկայացված հայցի մերժման դեպքում:

Պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության վճարման անդորրագիրը կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է: Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

- հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին.

- հարկ վճարողի հետ կնքվել է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց:

Այլ գույքի նկատմամբ արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ սույն հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:

Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ հարկային մարմինն ընդունում է որոշում, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապան անձին:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել որոշումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կամ դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Հարկ վճարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

Հարկ վճարողի չկատարված` հարկային  մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարները ուղղել հարկ վճարողի  պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ ապառքը և դրա նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 31. Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթների` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր և հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:

 

Հոդված 32.  Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարահաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:

Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում` շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Սույն հոդվածի չորրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք` շեղման կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերող անձը  սույն օրենքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից:

You are the 1985446-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 
May
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ