ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

 

Հոդված 195 Ապօրինի ձեռնարկատիրությունը

1.Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
2.Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով գումարը, խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը:
5. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:

Հոդված 197. Կեղծ ձեռնարկատիրությունը

1.Կեղծ ձեռնարկատիրությունը՝ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելը, որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2.Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որը խոշոր վնաս է պատճառել`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3.Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն հոդվածի 2-րդ մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն հոդվածի 3-րդ մասում առանձնապես խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
7. Սույն օրենսգրքի 195-րդ, 197-րդ, 201-րդ, 202-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Հոդված 201.Կանխամտածված սնանկությունը
 
1. Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Հոդված 202. Կեղծ սնանկությունը
 
1. Կեղծ սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելը՝ պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Հոդված 211. Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը

1.Կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2.Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4.Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարա-պատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 212. Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը

1.Կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթուղթ չհամարվող, սակայն գույքային իրավունքների մասին վկայող, դրանք սահմանող կամ տրամադրող այլ փաստաթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ինը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4.Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 214. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումերը վճարելուց չարամտորեն խուսաբելը

1.Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2.Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3.Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

Հոդված 215.Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը

1.Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով:
2.Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
3.Սույն հոդվածի համաձայն` իրացնողը չի կրում պատասխանատվություն, եթե առկա են ապրանքների ձեռքբերումը հիմնավորող` օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր:

Հոդված 216.Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը

1.Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) իրացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2.Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3.Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4.Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հինգ հարյուր հատից ավելի ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը:
5.Սույն օրենսգրքի 216-րդ, 217-րդ, 218-րդ և 219-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:

Հոդված 217. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը
1.Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները և հսկիչ նշանները (դրոշմապիտակները) օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչև հինգ հարյուր հատ է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2.Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) քանակը հինգ հարյուր հատից ավելի է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3.Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից հինգ հարյուր հազար դրամ, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4.Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5.Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 218. Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը
 
1.Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2.Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
3.Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

Հոդված 219. Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելը

1.Ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված դրոշմանիշներով` օրենսդրությամբ չնախատեսված այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2.Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
3.Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

 

You are the 1901195-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 
March
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ