ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ա Վ Ե Լ Ա Ց Վ Ա Ծ   Ա Ր Ժ Ե Ք Ի   Հ Ա Ր ԿԱվելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը:

 

Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռքբերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը սահմանված ժամկետում փոխանցվում է պետական բյուջե:

 

ԱԱՀ վճարողներ են համարվում ինքնուրույն տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական, իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք):

 

ԱԱՀ-ով հարկվող գործարքներն են.

ապրանքների մատակարարումը,

ծառայությունների մատուցումը,

անհատույց սպառումը,

ապրանքների ներմուծումը:     

 

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում կրում են  ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքներից հասույթի գումարը գերազանցել  է  40 000 000 ՀՀ դրամը, իսկ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով  սահմանված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարման և 6-րդ հոդվածի  2-րդ կետով սահմանված` ծառայությունների մատուցման գործարքներից հասույթի գումարը` 12 000 000 ՀՀ  դրամը:

 

Չհարկվող 40 000 000 և 12 000 000 ՀՀ  դրամ շեմերը չեն տարածվում մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի,  որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում,  եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը  հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Տվյալ դեպքում հարկման ենթակա է այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը: Որպես կառուցապատող (սեփականատեր) հանդես եկած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ԱԱՀ վճարող են համարվում իրենց կողմից բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի տասը տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտների մասով:        

 

Մեկից ավելի թվով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որպես կառուցապատող հանդես գալու դեպքերում կրում են ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն:

 

Սահմանված է  ԱԱՀ-ի 2 դրույքաչափ`

-20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է` ապրանքների և ծառայությունների ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափ  կիրառելով),

-զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում ԼՂՀ-ում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից պաշտոնական օգտագործման համար և այլն):

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` մի շարք գործարքներ (գործառնություններ) ազատվում են ԱԱՀ-ից: Դա նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման գործարքից ԱԱՀ չի հաշվարկվում և գանձվում, իսկ այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարը չի կարող հաշվանցվել ԱԱՀ-ի հաշվարկներում:

 

ԱԱՀ-ից ազատված են հետևյալ գործարքները.

- հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղարվեստական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսման վարձի մասով.

- դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը,

- գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները,

- արտադրողի կողմից ԼՂՀ-ում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (ուժի մեջ է  մինչև  2018թ. հունվարի 1-ը),

- թերթերի և ամսագրերի իրացումը,

- թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը,

- ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները,

- բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները,

- պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման ծառայությունների, բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժման հետ կապված ծառայությունների իրացումը,

- հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը,

- ԼՂՀ կառավարության կողմից սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի,

- արտադրողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված զինվորական հանդերձանքի իրացումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկի,

- մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների օտարումը,              

- դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը,

  • ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները  (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը),
  • օրենքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող  գործարքները,
  • անմիջական արտադրողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը,
  • մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայով կատարվող աշխատանքները (հողի մշակում, ցանքս, տունկ, ցանքսերի և այգիների խնամք, պարարտանյութերի ցրում, թունաքիմիկատների սրսկում, հունձ),
  • փաստաբանական ծառայությունների մատուցումը,
  • այլ գործարքներ:

 

Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

 

ԱԱՀ վճարողները ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են դուրս  գրել հարկային հաշիվներ:

Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները.

  • հարկային հաշվի հերթական համարը և ամսաթիվը,
  • մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  • գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
  • ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը, ծավալը,
  • ապրանքների կամ ծառայությունների արժեքը,
  • հաշվարկված ԱԱՀ-ի  գումարը (առանձին տողով):

 

ԱԱՀ-ի  հաշվարկման  կարգը

 

ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ն, ընդ որում, համաձայն օրենքի, մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի  գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի`

  • ձեռքբերումները կատարված լինեն արտադրական և այլ առևտրային նպատակներով,
  • ձեռքբերումների գծով ստացված հարկային հաշիվները լրացվեն «Ավելացված արժեքի հարկի մասին»  ԼՂՀ  օրենքով սահմանված վավերապայմաններին համապատասխան,
  •  այդ ձեռքբերումների դիմաց  վճարումները կատարված լինեն բանկային փոխանցմամբ,

 

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:

 

Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ԱԱՀ, որը վերաբերում է ԱԱՀ-ից ազատված ձեռքբերումներին, չի կարող օգտագործվել հաշվանցման համար:

 

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի  գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:

 

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են  վճարմանը համամասնորեն:

 

Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկի կամ փոստի միջոցով փոխանցելու,  իսկ մյուս մասը  կանխիկ դրամով վճարելու կամ այլ կերպ հատուցելու դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով` մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումներին վերաբերող  մասով:

 

Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի բացասական գումար, սովորաբար այդ բացասական մնացորդը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան: Եթե բացասական մնացորդը պայմանավորված է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառմամբ, այդ բացասական մնացորդի (կամ դրա մի մասի) գումարը հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման  մասին հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում`ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող` ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով տրվող հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին: Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: Եթե օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, առևտրի հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնարին է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի  գումարների)  տեսակարար կշռից:

 

ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:

ԼՂՀ  տարածքում իրականացված գործարքների համար ԱԱՀ-ն առաջանում է այդ գործարքների կատարման պահին: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացվում և վճարումները բյուջե կատարվում են հետևյալ ժամկետներում.

այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա եկամուտները չեն գերազանցել 60 մլն. դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը: Եռամսյակը ավարտվելուց հետո, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե.

այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա եկամուտները գերազանցել է 60 մլն. դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Ամիսը ավարտվելուց հետո, մինչև այդ ամսին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե.

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ընթացիկ կիսամյակի համար ներկայացնում են ԱԱՀ-ի կիսամյակային հաշվարկ (եռամսյակային կտրվածքով) մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ  վճարումը` կատարում եռամսյակը մեկ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:

You are the 2244916-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ